Պետք չէ չափազանցնել ու արտաքին երանգ հաղորդել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը` կապված երկրում ընդդիմադիր ուժերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռազմավակարան եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
«Ցանկացած ավտորիտար եւ քրեական իշխանություն նույնկերպ կվարվեր, ինչպես օրինակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը ժողովրդի բողոքի ցույցերն անվանեց հակաժողովրդական»,-նշեց քաղաքագետը
Անդրադառնալով Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի «միավորմանը» հայերի հետ, Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ Ադրբեջանի ներկա իշխանությունները հայերին փորձում են ներկայացնել որպես թշնամիներ, համապատասխանաբար, նա, ով համագործակցում է նրանց հետ, դեմ է հանդես գալիս ադրբեջանական պետությանը¨«Նրանք փորձում են ներկայացնել, որ իշխանության դեմ հանդես եկողները պետության դեմ դավադրություն են գործում: Այդ միջոցը կիրառվել է տասնամյակներ ու հարյուրամյակներ»,-ասաց նա:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նախօրեին հանդես գալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում, ընդդիմությանը մեղադրել է «հակաազգային» գործունեության մեջ: Մասնավորապես, Ալիեւն ասել է. «Այդ հակաազգային, դավաճանական, ծախված խմբավորումները, որոնք ժամանակին իշխանության էին, որոնք այսօր էլ ապրում են իշխանության մասին երազանքներով` դրա համար չունենալով ոչ մի հիմք: Նրանք իրենց գործունեությունը տեսնում են լրիվ այլ ուղղությամբ: Նրանք քաղաքական գործունեությունը, եթե դա կարելի անվանել քաղաքական գործունեություն, լրիվ այլ ուղղություն ունի: Նրանց քաղաքական պայքարի մեթոդը ոչ թե խոսքն է ու կարծիքը, այլ «Մոլոտովի կոկտեյլը»: Նրանք հիմքը ոչ թե ժողովուրդն է եւ նրա նրա կամքը, այլ արտասահմանից ստացվող գրանտներն ու փողերը: Նրանց խոսքի ազատությունը զրպարտություններ գրելն է, Ադրբեջանը փնովելը եւ դրանք միջազգային կազմակերպություններ ուղարկելը: Նրանց վարքը հայերի հետ միացած Ադրբեջանը փնովելն է, Ադրբեջանի մասին բացասական կարծիք ձեւավորելը»:




























