Լոռիի մարզի Ստեփանավանի տարածաշրջանի մի շարք գյուղերում մայիսի 26-ին տեղացած կարկուտի վնասները կփոխատուցվեն: Այս մասին այսօր Լոռիի մարզ այցելության ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը` նշելով, որ կարկուտից առավել շատ տուժած Լեջան, Ամրակից և Ագարակ համայնքներում ստեղծված հանձնաժողովները կարկուտից տուժած բնակիչներին օգնելու նպատակով դիմել են Լոռիի մարզպետին, վերջինս էլ իր հերթին բնակիչներին օգնելու նպատակով դիմել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին և «Տաշիր» բարեգործական հիմնադրամնը:
Նշված համայնքների ղեկավարները հանդես են եկել աջակցության հստակ փաթեթով, որը պատգամավորի և հիմնադրամի կողմից ամբողջությամբ բավարարվելու է: Երեք համայնքների բնակիչների վնասները ամբողջությամբ փոխհատուցվելու են, համայնքներ այցելության ժամանակ ասել է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը: «Կարտոֆիլի ցանքատարածությունների հետ կապված ապահովում ենք համապատասխան քանակի պարարտանյութով, մենք ամբողջությամբ կապահովվենք, իսկ ցորենի հետ կապված՝վճարելու ենք հողի մեկ տարվա հարկը»,-ասել է Ա. Ճաղարյանը:
Ըստ գրասենյակի ղեկավարի, նշված երեք համայնքներին հատկացվելիք գումարները ավելին են, քան 10 մլն դրամը:
Հ.Գ. NEWS.am-ի Լոռիի թղթակիցը գյուղապետերից հետաքրքրվել է, թե կստանան արդյոք որևէ պետական աջակցություն այն դեպքում, երբ խնդրին տեղում ծանոթանալու նպատակով համայնքներ է այցելել անձամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ամրակից համայնքի ղեկավարը պատասխանել է, որ իրենք արդեն իսկ նախարարից ստացել են աջակցություն՝ խորհուրդի տեսքով «Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում պետությունը …գյուղատնտեսության նախարարը էկավ մեր գյուղ ու մեր ֆերմերներին մասնագիտական աջակցություն ցուցաբերեց, որն ավելի մեծ աջակցություն էր, քան թե նյութական աջակցությունը, քանի որ էդ մարդիկ ավելի լավ իմացան, թե ինչպես իրենց կարտոֆիլը փրկեն…»,-ասաց Ամրակից համայնքի ղեկավար Արթուր Ներկարարյանը:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























