Հայաստանի Բնապահպանության նախարարությունը Շրջակա միջավայրի պահպանության օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Համայնքների բնակիչների հետ տարածքների մաքրման միջոցառումներ են անցկացվել «Սեւան» ազգային պարկում, Տավուշի մարզի Զիկատար գյուղի հարակից տարածքներում՝ «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի հարեւանությամբ գտնվող «Շիկահող» պետական արգելոցում: Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի «Արեւիկ» ազգային պարկում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ իրականացվել են աղբյուրների շրջակայքի բարենորոգման աշխատանքներ: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանի Օրհուս կենտրոնի ակտիվիստների հետ կատարել են Վանաձորի եւ Հաղարծինի տարածքներում տեղակայված տաղավարների, գետերի ափերի մաքրման աշխատանքներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Երեւանում աշակերտների եւ ուսանողների հետ համատեղ կայացել են էկոկրթական հանդիպումներ: Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկում անցկացվել է բնապահպանական թեմաներով աշակերտների լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:




























