Այսօր՝ հունիսի 10-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմի մեջ են Հայաստանի  պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարիվերդյանը, Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը եւ ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

 Հանդիպմանն արծարծվել են Հայաստան-Արցախ գիտակրթական կապերին առնչվող հարցեր։

Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ այդ ասպարեզում բավական աշխուժացել են  փոխհարաբերությունները, ինչը հետզհետե նկատելի արդյունքների է հանգեցնում։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անելիքները նույնպես դեռ շատ են։ Այդ առումով կարեւորվել է երկու հայկական հանրապետությունների կրթության ոլորտում իրականացվող, ինչպես նաեւ նախատեսվող բարեփոխումների օրենսդրական հիմքերի ներդաշնակ ամրապնդման անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել ենԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը։