Ադրբեջանի մաքսակետում ադրբեջանցուց առգրավել են հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. կանաչ ու սեւ» գիրքը: Պաշտոնական ձեւակերպմամբ՝  «Հայաստանում տպվելու համար», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մաքսակետի աշխատակիցներին չեն համոզել ոչ լրագրողի վկայականը, ոչ հիմնավորումները, որ հակառակորդի քարոզչությունն ուսումնասիրել է պետք: Աշխատակիցները շատ ընդգրկուն պատասխան են տվել՝ « առանց այդ էլ ամբողջ աշխարհը տեղյակ է»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնեց, որ  այդ դեպքի մասին ինքն իմացել է Facebook-ից: Լրագրողը տեղեկացրեց, որ ուրբաթ օրը Թբիլիսիում տեղի է ունեցել իր նոր՝ «Հայերը եւ թուրքերը» անգլերեն գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին բազմաթիվ հյուրեր են եղել, գործընկերներ, դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Թուրքիայի:   Ներկա են եղել նաեւ Շահին Ռզայեւը եւ Ավազ Հասանովը, երկուսն էլ գնել են Թաթուլ Հակոբյանի գիրքը: Շահին Ռզաեւը ձեռք է բերել նաեւ Թաթուլ Հակոբյանի նախորդ՝ «Արցախյան օրագիր. կանաչ ու սեւ» գիրքը եւ մակագրություն  խնդրել:

Սակայն մաքսայինները «պայքար՝ հայկական ամեն ինչի դեմ» ծրագրի շրջանակում բռնագրավել են այն: