Թբիլիսիում հունիսի 10-ին ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի ընդգրկվելուն դեմ եւ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուն կողմ արտահայտվողների բողոքի ցույց է տեղի ունեցել: «Քորթիյարդ Մերիոթ» հյուրանոցի շենքի դիմաց, որտեղ տեղի էր ունենում «ՆԱՏՕ-ի շաբաթները Վրաստանում» միջոցառման փակումը, ցույց է կազմակերպել «Երիտասարդ քաղաքագետների ակումբ» ոչ կառավարական կազմակերպությունը:
Կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Մդիվանին լրագրողներին հայտնել է, որ Վրաստանի ընդգրկվելը ՆԱՏՕ-ի կազմում առայժմ միայն քաղաքական շահարկման խնդիր է:
«Մենք ՆԱՏՕ-ից ավելի որոշակիություն ենք պահանջում, մեզ եւ հանրությանը հայտնի չէ՝ երբ Վրաստանը МАР կստանա, կամ էլ ինչպես են դաշինքն ու նրա հետ համագործակցությունն օգնելու լուծել խնդիրները Աբխազիայում եւ Հարավային Օսիայում», - հայտնել է Մդիվանին:
Ըստ նրա` ցույցի մասնակիցները նաեւ պահանջում են Աֆղանստանից անմիջապես դուրս բերել վրացական զորքերը: Վրաստանն արդեն կորցրել է 29 մարդ, եւ տոկոսային հարաբերությամբ դա ամենամեծ ցուցանիշն է գործողությանը մասնակից երկրների շարքում: «Բացի դրանից, այն ինչ կատարվում է, Աֆղանստանի տարածքի փաստացի բռնազավթում է, եւ մենք չենք ուզում մասնակցել դրան», - նշել է նա, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:




























