Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, եւ այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ տարի, մենք այս տարի պետք է կրկնապատկենք: Մայրաքաղաքի բոլոր հնարավոր վայրերում պետք է ստեղծենք անտառ-պուրակներ: Հետեւողական եւ ամենօրյա աշխատանք պետք է տարվի նաեւ ծաղկապատման ու ձեւավորման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքներն առավել ակտիվացնելու նպատակով շարունակվում է կանաչապատման ձեռնարկություններում սեզոնային թափուր հաստիքների համար ցանկացողների աշխատանքի ընդունման գործընթացը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է նաեւ ավտոբուսների եւ տրոլեյբուսների վարորդների, ինչպես նաեւ սանմաքրման ձեռնարկություններում նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը:
Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երեւանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ:
Մայրաքաղաքում գործող գյուղմթերքների շուկաներում սանիտարական պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեկ անգամ եւս հանձնարարվել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ ամենօրյա հսկողությունը: Հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ գույքագրել ճանապարհային երթեւեկության նշանները եւ անհրաժեշտության դեպքում նորացնել դրանք: Հանձնարարվել է նաեւ բարեկարգված փողոցներում շարունակել լուսաանդրադարձիչների տեղադրման աշխատանքները:
Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2013թ.-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: շՇինբարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է նաեւ կապալառուների կողմից սեփական միջոցներով 2012թ.-ին անորակ եւ թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունների վերացման գործընթացը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը եւ որակը:
Մշտական հսկողության պահանջ է դրվել նաեւ մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով: Հանձնարարվել է խախտումներ թույլ տվող եւ համայնքային գույքը վնասող կազմակերպությունների նկատմամբ կիրառել օրենքով սահմանված տույժեր:




























