Հայաստանի ԱԳՆ-ն խորին վշտով հայտնում է, որ սույն թվականի հունիսի 8-ին Վիեննայում 53 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Արթուր Վահագնի Մուշեղյանը:

Արթուր Մուշեղյանը ծնվել է 1960 թ.-ին: 1982թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1996-ին՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան:

Արթուր Մուշեղյանը 1992 թ. դիվանագիտական ծառայության է անցել ԱԳՆ համակարգում, տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ ԵԱՀԿ դաշտային առաքելություններում։

1996-1997թթ. աշխատել  է Տաջիկստանի ԵԱՀԿ գրասենյակում, 1997-2002թթ.՝ ԵԱՀԿ առաքելություններում Խորվաթիայում եւ Էստոնիայում: 2004-2007թթ. Արթուր Մուշեղյանը եղել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական: 2007-2011թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջուկային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչի պաշտոնը: 2011-ից՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական:

Արթուր Մուշեղյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ մեկ որդի։ Նա տիրապետում էր ռուսերեն, անգլերեն եւ սերբա-խորվաթերեն լեզուներին։

Ուներ երկրորդ դասի խորհրդականի դիվանագիտական աստիճան:

«Արթուր Մուշեղյանի որպես լավ ընկերոջ, նվիրված եւ օրինակելի մարդու եւ մարդկային մեծագույն արժեքներով օժտված մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: