Հայաստանի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը խորը եւ հիմնավոր վերլուծություններ չի պարունակում: Այդ մասին այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դրամավարկային քաղաքականության 2013 թ. ծրագրի վերաբերյալ քննարկումների շրջանակներում:

«Մեզ չեք ասում բանկային համակարգի ռիսկերի մասին, ոչ մի խոսք չեք ասում «Արմավիայի», «Տոնուսի», «Սթարի» մասին: Ո՞վ է փակելու այդ պարտքերը»,- հռետորայան հարց ուղղեց Հ. Բագրատյանը:

Նա նաեւ նշեց, որ ԿԲ-ն խուսափում է Բազել 3-ի մասին խոսելուց, այնինչ Բազել3-ը պահանջում է կապիտալի համարժեքության նորմատիվի բարձրացում մինչեւ 11-12%: «Հաջորդ տարի 23-24 %-ից ցածր վարկ չի լինելու»,- հայտարարեց Հ. Բագրատյանը (իրականում կապիտալի համարժեքության ցուցանիշը բանկային համակարգում ներկայում ավելի բարձր է, քան պահանջվում է Բազել 3-ով,-խմբ):

Հ. Բագրատյանը դժգոհեց նաեւ, որ բանկային համակարգը ավանդները հավաքագրում է մարզերից ու վարկավորում հիմնականում Երեւանում («հասարակ մարդուց հավաքում եք, տալիս եք հարուստներին»):

Հ. Բագրատյանը նաեւ զարմանք հայտնեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցին հակային արտոնություններ են տրամադրում, իսկ փոքր բիզնեսին՝ ոչ: Արդյունքում փոքր բիզնեսը հեռանում է, 4 ժամում 4 ավտոբուս է դուրս գալիս Բագրատաշենի մաքսակետից: