Անկարայում 2 ամսից ավել գործադուլ անող պետական մենաշնորհային TEKEL ձեռնարկությունների աշխատակիցները որոշել են ժամանակավոր դադարեցնել վրաններով գործադուլը: Այդ կապակցությամբ գործադուլավորների անունից հանդես է եկել Մուսթաֆա Թուրքելը, ով զգուշացրել է իշխանություններին ժամանակավոր դադարի ընթացքում լավ մտածել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքելը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցներին իրենց գործողությունները անաչառ լուսաբանելու համար, թուրքական խորհրդարանի բոլոր կուսակցություններին` բացի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, աջակցության համար եւ արհմիություններին` միշտ իրենց կողքին լինելու համար:
Թուրքելը իշխանություններին զգուշացրել է դադարի մեկ ամիսը լավ մտածել եւ իրենց խնդիրներին լուծում տալ, որովհետեւ իրենք շարունակելու են իրենց արդարացի պայքարը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ պետությունը ցանկանում է սահմանափակել TEKEL-ի 13 հազար աշխատակիցների իրավունքները, կրճատել աշխատավարձերը եւ նրանց ընդգրկել 4/C համակարգում: Թուրքիայի ղեկավարությունը ոչ մի կերպ չի գնում զիջման եւ պնդում է, որ գործադուլավորներն օրենք են խախտում:
4/C համակարգը նշանակում է, որ աշխատողները նախկինում ստացած 1300 լիրայի (350 հազար դրամ) փոխարեն կստանան 950 լիրա (280 հազար դրամ) աշխատավարձ: Նրանք զրկվում են արհմիությունների անդամ լինելուց, աշխատանքի ժամկետը սահմանվում է 10 ամիս եւ այդ շրջանը չի համարվում աշխատանքային ստաժ:



























