Երեւանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը չմասնակցելը մեր բողոքի արտահայտությունն է՝ ի նշան կեղծված ընտրությունների: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը:
Ի դեպ, ասուլիսը պետք է տեղի ունենար Ազատության հրապարակում, որին պետք է մասնակցեին, ինչպես Անահիտ Բախշյանն ասաց, քաղաքապետարանի ապօրինի գործողություններից տուժած տարբեր քաղաքացիների խմբեր, սակայն եղանակային պայմանների պատճառով ասուլիսը տեղափոխել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ:
Նրա խոսքով՝ արդեն Երեւանի թիվ մեկ մանկապարտեզը վերանորոգման պատրվակով փակված է, բայց ոչինչ չի արվել, որի արդյունքում տվյալ հասցեի տարածքի երեխաները կամ չեն հաճախում մանկապարտեզ, կամ հաճախում են մեկ այլ մանկապարտեզ, որը գերծանրաբեռնված է:
«Մեկ այլ տեղ Արցախի 14 հասցեում թիվ 56 մանկապարտեզն արդեն սեփականաշնորհվել է եւ այլեւս մանկապարտեզ չի, սակայն այն որպես ընտրատեղամաս է գործում»,-ասաց Բախշյանը:
«Բարչեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ ոստիկանությանն ուղարկել են հարյուրավոր ընտրախախտումների մասին արձանագրություններ, հետեւաբար այդպիսի ընտրությունների արդյունքները չենք կարող արդար համարել:
«Այն վեց մանդատներով, որ մենք ստացել ենք քաղաքացիներից, չենք կարող անել այն, ինչ ցանկանում ենք, բայց վեց մանդատով էլ կաշխատենք: Ցավով պետք է արձանագրեմ, որ Երեւան քաղաքում կառավարման պատասխանատվությունն ստանձնած այս կամ այն կուսակցությունը շարունակում է անտարբեր մնալ առկա խնդիրներում: Սա ցույց է տալիս, որ նրանք կապ չունեն այս ժողովրդի եւ ժողովրդի խնդիրների հետ: Որեւէ մեկը չհասկացավ, որ իրենք կոչված են քաղաքի խնդիրները լուծելուն եւ դա ամենեւին էլ բիոզուգարները չեն, Երեւանի հրապարակն այլանդակելը չէ»,- ավելացրեց Ստյոպա Սաֆարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























