Եթե տրանսպորտը թանկանա էլ, կփորձենք ամեն ինչ անել, որ գոնե շատ չնչին չափով թանկանա: Այս մասին, այսօր` հունիսի 11-ին, Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմանակալության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Երբ կոնկրետ մեր հաշվարկները կունենանք, կփորձենք ամեն ինչ անել, որ եթե թանկանա էլ, գոնե շատ չնչին չափով, ավելի ռեալ կներկայացնենք հանրությանը»,- նշեց նա:
Գագիկ Բեգլարյանից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե գնացե՞լ է Մոնսերատ Կաբալյեի համերգին` հաշվի առնելով նախորդ դեպքը` կապված Դոմինգոյի համերգի հետ, որի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով նրան պաշտոնանկ արեցին: Նա պատասխանեց, որ չի գնացել, քաղաքում չի եղել: «Երեխեք ջան ինչո՞ւ եք այդքան հնացել, ինձ թվում է ձեր ղեկավարները, խմբագիրները, որոնք չգիտես ինչի ձեզ հանձնարարականներ են տալիս առանց պրովոկացիների հետ չգալ, դուք բոլորդ, սիրուն, գեղեցիկ լավ բալիկներ եք, իրենց մի լսեք, որովհետեւ իրենք էլ ղեկավարվում են իրենց փող տված մարդկանցով: Մենք շփվում ենք սովորական, նորմալ, հարցեր եք տալիս, ես պատասխանում եմ»,-դիմելով լրագրողներին` ասաց Գագիկ Բեգլարյանը` կոչ անելով լուրջ, կարեւոր, առանց պրովոկացիաների հարցեր տալ:




























