Վերջին տասը տարում թուրք-եվրոպական եւ թուրք-ամերիկյան հարաբերություններն աստիճանաբար վատթարանում են: Այդ մասին հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:

Նրա խոսքով, Թուրքիան արտաքնապես, հատկապես իսլամիստական եւ արաբական աշխարհի կողմից ընկալվում էր որպես աշխարհիկ ժողովրդավարության ընդունելի մոդել: «Պատահական չէ, որ «արաբական գարուն» անվանումով իրադարձություններին Թուրքիայի մասնակցությունը շատ մեծ էր: Այդ դերը վստահվել էր Արեւմուտքի կողմից, սակայն Արեւմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, աստիճանաբար գիտակցեցին, որ Թուրքիայի մտադրություններն այդ դերում դուրս է գալիս դաշնակցի շրջանակներից»,- նկատել է Հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները փորձում են կյանքի կոչել նեոօսմանիզմի քաղաքականությունը, տարածել իրենց ազդեցությունը ողջ իսլամական աշխարհի վրա եւ վերականգնել տարածաշրջանում ռազմաքաղաքական եւ տնտեսական գերակայությունը:

Թուրքական իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով, Ալվրցյանի համոզմամբ, ստացվել է, որ Թուրքիան, որը հայտարարել էր «զրո խնդիր հարեւանների հետ», ներկայումս նույնքան խնդիր ունի, որքան հարեւան: «Դրան ավելացել են նաեւ ներքին խնդիրները: Եթե Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դադարել է ընդունելի լինել, ներքին քաղաքականության մեջ իշխող կուսակցության կուրսը դադարել է ընկալելի լինելուց»,- ասել է Ալվրցյանը: