Թուրքիայում բողոքի շարժման համար բնապահպանությունը միայն պատրվակ էր, դրա հիմքը իշխանությունների քաղաքականությանը քաղաքացիական դիմակայությունն է: Այդ մասին հունիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը:
«Թուրքիայի բնակչության հոգեբանական վիճակը սարսափելի էր, երկրի կենտրոնական քաղաքներում վախի մթնոլորտ էր: Եւ անհրաժեշտ է նշել, թե ստեղծված իրավիճակում տասնյակ անգամներ ավելի վատ էր ազգային փոքրամասնությունների վիճակը»,- ասել է հայկազուն Ալվրցյանը՝ հավելելով, թե պայթյունը վախի մթնոլորտից դուրս բերեց ոչ միայն թուրքական հասարակությանը, այլեւ ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին:
Փորձագետը կարծում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բավական խելոք է, որ շարժումը փոքրամասնությունների դեմ չուղղի, քանի որ առաջիկայում նրան նախագահական ընտրություններ են սպասվում: «Էրդողանն այսօր լուրջ խնդիր ունի, գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հասարակության աչքում ավելի ընդունելի է, քան Էրդողանը: Գյուլը մեծ շանսեր ունի նախագահ դառնալու, այս անգամ ողջ ազգի կողմից ընտրված»:



























