ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը համաձայն է, որ վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է: «Որ ասում են, ուրեմն ճիշտ են ասում: Որ ամանը չընգնի, ձենը կհելնի՞: Որ ասում են, ուրեմն մի բան կա»,-այս մասին այսօր` հունիսի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

Նրա կարծիքով` ամեն քաղաքապետ էլ իր ժամանակ լավ բան արել է, պետք չի մոռանալ նրանց վաստակը: Իսկ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեջ նա ամեն ինչ էլ հավանում է, բայց ամենակարեւորը`  «Էն բարոյական բանը, մարդկանց հետ շփումը, եւ այլ, եւ այլ ...մենակ ծաղիկով, բուրմունքով չի, ամեն ինչով, որպես մարդ, երիտասարդ, ապագային նայող մարդ»:

Պատգամավորը լավ ծանոթ չէր քաղաքապետի իրականացրած ծրագրերին, ուստի չկարողացավ դրանք թվարկել, բայց նշեց, որ նա ամեն ինչ էլ անում է` շինարարություններ, դպրոցներ վերանորոգել եւ այլն:

Ինչ վերաբերում է չլուծված խնդիրներին, օրինակ` տրանսպորտի խնդրին, ապա պատգամավորն ասաց, որ «ալամ աշխարհով տրանսպորտի խնդիր կա, աշխարհում ինչ լավ երկիր գիտես, տրանսպորտի խնդիր կա, ավելի վատ, քան Հայաստանում, պրոպկեքը հարյուր անգամ ավելի շատ, տրանսպորտը կանգնած, կյանքը ավելի դաժան ա տրանսպորտի նկատմամբ, քան թե Հայաստանում...Մոսկվայից բռնած, Լոնդոնից, Փարիզից»:

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ Տարոն Մարգարյանի` վերջին շրջանում մեծ աղմուկ հանած ունեցվածքի մասին: «Ես չգիտեմ քանի միլիոն ունի, բայց իրա ծնողները...կունենա էլի, ի՞նչ ա եղել...կարող ա ժառանգությունն ա, իրա հերը առնվազն էսիմ քանի տարիներ քաղաքական գործիչ է, ամեն բնագավառում աշխատած, կոմունիստների ժամանակներից եկած մինչեւ նոր Հայաստանի Հանրապետության ժամանակներ: Ինչի՞  էն մյուս միլիոններ ունեցողներին տարօրինակ չի, Տարոնինը տարօրինա՞կ ա: Ախր վերջնականապես մեր հայրենիքը պետք է սովորի, մարդիկ պետք է սովորեն, որ փող ունենալը դա գռեհկություն չէ: Կարող ա Տարոնը մի տարում ա կուտակել, թաղապետ ժամանակից էլ ունեցել են, իրա հերն էլ ա ունեցել, հիմա մարդիկ բիզնես են արել, ինչ կա»,- ասաց նա: