Հայաստանի Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 11-ին, կրկին կրքերը թեժացան: Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցությունները դեմ արտահայտվեցին: ՀՅԴ խմբակցության անունից Աղվան Վարդանյանն առաջարկեց հետաձգել օրինագծի ընդունումը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ նախագծում ֆինանսական կոմպոնենտը դարձել է առաջնային, այնինչ առաջնայինը պետք է լինի կրթական կոմպոնենտը: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվեց Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, ու իշխանավորներից ոչ ոք այն ժամանակ չընդդիմացավ դրան:
Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության անունից բավական սուր ելույթ ունեցավ Վարդան Այվազյանը: Նա, դիմելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով նույնպես սուր քննադատության էր ենթարկել ծրագիրը, ասաց. «Բերեք, պարոն Մինասյան, ձեր էդ բոլոր գողական մարդկանցով, ասեք 100 մլն բերել ենք»: Այս հայտարարությունը զարմանալի էր այն առումով, որ Ա. Մինասյանը պատկանում է ԱԺ-ի, այսպես կոչված, ինտելելտուալ թեւին, ու նրա անունը սկանդալային պատմություններում չի շոշափվում, ինչը չես ասի Վ. Այվազյանի մասին:
NEWS.am-ի թղթակիցը Ա. Մինասյանից փորձեց պարզել, թե ում նկատի ուներ Վ. Այվազյանը «գողականներ» ասելով, սակայն Ա. Մինասյանը միայն ուսերը թոթվեց. «Ինձ համար էլ անհասկանալի է, իրենից պետք է հարցնեմ, թե ինչ նկատի ուներ»:




























