Սյունիքի մարզի 25-ամյա բնակիչ Ալիկ Ք.-ն կրակել է հորաքրոջ որդու վարած մեքենայի ուղղությամբ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Ալիկ Ք-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանն ապօրինի պահվող որսորդական հրացանով ալկոհոլ օգտագործած վիճակում Սյունիքի մարզի Տեղ գյուղի իրենց տան դիմաց շուրջ 53 մետր հեռավորությունից կրակել է հորաքրոջ որդու` Արտեմ Բ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում կոտրվել է ավտոմեքենայի առջեւի ձախ դռան ապակին, վնասել դուռը, տանիքը` Արտեմ Բ.-ին պատճառելով 38100 դրամի գույքային վնաս, իսկ առողջությանը` միջին ծանրության վնաս:
Քրեական գործ է հարուցվել 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքը դիտավորությամբ ոչնչացնել կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով): Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Դատական քննությունը նշանակվել է հունիսի 18-ին:




























