Վերջերս ադրբեջանական կայքերից մեկում տեղեկատվություն էր հայտնվել գյուղատնտեսական մի շարք ապրանքների գների մասին` մայիս ամսվա տվյալներով եւ վերցված Բաքվի հինգ շուկաներից:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունն իր ամենամսյա հրապարակումներում ներկայացնում է հանարապետության քաղաքներում սպառողական գների վերաբերյալ տվյալներ: Չնայած մեթոդաբանական տարբերություններին` փորձենք համեմատել Բաքվի գները երեւանյան գների հետ:
Նկատենք, որ նույն ապրանքի գինը Բաքվում տարբեր գին ունի, ընդ որում` նույն շուկայի տարածքում: Այս հանգամանքը խնդրեցինք մեկնաբանել Հայաստանի ԱՎԾ-ում:
Մասնագետների կարծիքով` հնարավոր է, որ նույն ապրանքի գների տարբերությունը կապված լինի ծախսերի հաշվարկման մեթոդաբանության հետ: Չի բացառվում, որ, օրինակ, թռչնի մսի վերաբերյալ, որի շուկայական գնի մեջ տարբերությունը երեք անգամ է, մի անգամ վերցված լինի կենդանի, մեկ այլ անգամ` սառեցված մսի տվյալը: Սակայն սա ընդամենը ենթադրություն է:
ԱՊՀ երկրների թվում Ադրբեջանում աշխատավարձը համեմատաբար բարձր է: Սակայն պարենամթերքի տեղական ռեսուրսների սահմանափումը բերում է սննդամթերքի գների աճի:
Գների առավել ճշգրիտ համեմատության համար դրանք ներկայացնենք դոլարային համարժեքով` ընթացիկ տարվա մայիսի կտրվածքով: Ամփոփիչ աղյուսակը ներկայացվում է ստորեւ, իսկ ապրանքի հերթականությունը ներկայացված է այնպես, ինչպես ադրբեջանական աղբյուրում:
Ընդհանուր առմամբ 19 ապարնքատեսակներից 13-ով Երեւանում միջին գներն ավելի ցածր են, քան Բաքվում: Իսկ ահա կանաչու մասով համեմատություն անելը դժվար է, քանի որ ադրբեջանական ցուցանիշը վերաբերում է մեկ կապին, իսկ հայկականը` կիլոգրամին:
Եզրափակելով` ավելեցնենք մեկ ոչ պակաս կարեւոր մանրամասն: Բաքվի գների մասով տվյալները ներկայացվում են միայն ըստ շուկաների, իսկ Երեւանում միջինացվում է շուկաների եւ սուպերմարկետների գները: Իսկ վերջիններում սովորաբար գներն ավելի բարձր են, քան շուկաներում: Այնպես որ, հարկ է հաշվի առնել այս էական պահը եւս...



























