Ռուս խաղաղապահներին Գոլանի բարձունքներ ուղարկելու նախաձեռնությունը տարածաշրջանի անվտանգությանն է ուղղված: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ նրա՝ նախաձեռնությունը բնավ տարածաշրջանում ազդեցությունն ավելացնելու նպատակ չի հետապնդում: Նա նաեւ հավելել է, որ ՌԴ-ի առաջարկը ոչ մի բացասական արձագանք չի գտել:
«Կասկածներ են հնչում, որ 1974թ. արձանագրությունը չի կարող նորով փոխարինվել», - նշել է նախարարը եւ հավելել, որ ամեն ինչ «կախված է Իսրայելի եւ Սիրիայի դիրքորոշումից»:
«Իսրայելի եւ Սիրիայի համաձայնությունից եւ ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի համապատասխան որոշման ընդունումից հետո մեր խաղաղարարները պատվով կկատարեն տարածաշրջանում կայունություն հաստատելու առաջադրանքը»,-նշել է նա:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Ռուսաստանն առաջարկել էր Սիրիա ուղարկել իր խաղաղարարներին, այն բանից հետո, երբ Ավստրիան հայտարարել էր իր կազմը դուրս բերելու որոշման մասին: Սակայն Իսրայելի եւ Սիրիայի միջեւ 1974թ. արձանագրության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները չեն կարող խաղաղարարներ ուղարկել տարանջատման գոտի:




























