Հայաստանում մանկական թրաֆիքինգի առաջին դեպքը գրանցվել է 2008թ-ին եւ մինչեւ այսօր բացահայտվել է 15 դեպք: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան, ԵԱՀԿ փորձագետ Դավիթ Թումասյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում տարածված է շահագործման երկու տեսակ` սեռական, որից հիմնականում տուժում են աղջիկները եւ մորացկանության, որում ավելի շատ տղաներն են շահագործման ենթարկվում: Փաստաբանը նաեւ ընդգծեց, որ դատարանները բավականին խիստ պատիժ են նշանակում ազատազրկելով 7-11 տարվա ազատազրկման:
Նրա խոսքով՝ հիմնականում շահագործվում են Երեւանի երեխաները, եղել է դեպք նաեւ Սյունիքի եւ Տավուշի մարզերից: Փորձագետը նշեց, որ սեռական շահագործման արդյունքում 16-ամյա մի աղջիկ է հղիացել, իսկ մի տղայի շահագործել են ոչ միայն մուրացկանության մեջ, այլեւ ենթարկել են սեռական շահագործման:
Այս տարի բացահատվել է թրաֆիքինգի երկու դեպք: Դավիթ Թումասյանը նշեց, որ ներկայումս թրաֆիքինգի դեմ մրցունակ պայքար է իրականացվում: «Հայաստանում գործում է «Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհուրդ»: Ունենք արդեն ազգային խորհրդի 4-րդ ծրագիրը, որը միտված է թրաֆիքինգի կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին»,-ասաց նա:




























