Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության նախագահը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վստահորեն զարգանում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական դաշնակցային հարաբերությունները: Դրանց հիմքում հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ ժամանակի փորձությունն անցած բարեկամությունն է եւ փոխշահավետ համագործակցություն կառուցելու երկու երկրների ձգտումը:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ եղբայրական Ռուսաստանի պատմության մեջ այդ տոնը արտացոլում է երկրի եւ հասարակության կյանքի բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումները, որոնք սկսվել են ավելի քան քսան տարի առաջ եւ նպաստել Ռուսաստանի հետեւողական զարգացմանը, որի բարձր հեղինակությունը ժամանակակից աշխարհում անվիճելի է:
ՌԴ բարձրագույն ղեկավարությանը եւ ժողովրդին Սերժ Սարգսյանը մաղթել է հաջողություններ, խաղաղություն եւ բարօրություն:




























