«Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակցիները այսօր` հունիսի 12-ին, եկել էին «Արմավիայի» գրասենյակ` ստանալու իրենց աշխատավարձերը: Սակայն նրանք չստացան իրենց գումարները, քանի որ պարտքատերերը դեռ գումարները չեն փոխանցել ավիաընկերությանը:
«Արմավիա» ավիաընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հենց գումարը փոխանցվի, անպայման կվճարեն մարդկանց աշխատավարձը: Նրանք շեշտեցին, որ սպասում են` պարտատերերը երբ պարտքերը կմարեն, մասնավորապես` այսօր- վաղը պետք է «Ավիասերվիս» ընկերությունը փոխանցի գումարը:
«Ոչ մեկ չի մնալու առանց աշխատավարձի,բոլորին վճարելու ենք»,- վստահեցրին ավիաընկերությունից:
Ի դեպ, «Ավիասերվիս» ընկերությունը «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ է մտնում, որը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել: Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել:



























