Երեւան-Բաքու չվերթի բացման հնարավորության մասին միտքն անգամ կարող է նոպա առաջացնել ադրբեջանական հասարակության «խաղաղասեր» եւ «տոլերանտ» որոշ ներկայացուցիչների միջեւ:
Հիստերիկ արձագանքների պատճառ է դարձել ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, որը վերաբերում է Երեւանից Բաքու չվերթին:
Խոսքը 23.05.2013 թ. Երեւան –Բաքու չվերթի մասին է, որը Երեւանից դուրս էր գալու 9.30-ին եւ Բաքու էր հասնելու 20.30-ին: Նշվում էր, որ տեղեկատվությունը «պեղվել» է «Զվարթնոց» օդանավակայնի պաշտոնական կայքից:
Թվում է, քաղաքակիրթ որեւէ երկրում ինչ-որ թռիչքի մասին տեղեկատվությունը չէր կարող հիստերիայի առիթ լինել: Սակայն Ադրբեջանի պետական կառույցները անմիջապես նետվեցին հերքելու անգամ նման չվերթի հնարավոր բացման հետ կապված ենթադրությունները, բացատրելով, որ օդանավը տեղափոխել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Ադրբեջանում պատասխանատուները կտրուկ կերպով հերքել են տեղեկությունը` դա համարելով «Զվարթնոցի» կողմից սադրանք:
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով իրավիճակին եւ ձեռնպահ մնալով քաղաքական բնույթի մեկնաբանություննեից, ընդգծեց, որ օդանավակայանի պաշտանական կայքում տեղադրված տեղեկատվությունն ինչ-որ արտառոց բան չէ. «Մենք միշտ էլ նման տեղեկատվություն հաղորդում ենք, այստեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա»: Հիշեցնենք, որ սա ամենեւին էլ առաջին չվերթը չէ Երեւանից Բաքու կամ հակառակը: Լինում է, որ տարածաշրջան ժամանած բարձրաստիճան հյուրերը ճանապարհորդում են Ադրբեջանից Հայաստան եւ հակառակը:
Սակայն ուշագրավ է «չվերթի բացմանը» հաջորդած արձագանքը: Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված հիստերիան, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում աերոֆոբիայի նոր տարատեսակ է զարգանում:




























