Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ոչ մի կերպ չկարողացավ հիշել, թե երբ է ստորագրվել գազի գնի փոփոխման մասին հայ-ռուսական պայմանագիրը: Հարցը հնչեցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նախարարը նշեց, որ բացի կոմերցիոն հատվածից, պայմանագրի մյուս հատվածը կարող են տրամադրել պատգամավորներին:

Արամ Մանոկյանի այն դիտողությանը, թե կարելի՞ է ասել գոնե, թե պայմանագիրը այս տարի է ստորագրվել, թե անցյալ տարի, Ա. Մովսիսյանը կրկին ասաց, որ չի հիշում, սակայն հավաստիացրեց, որ երկրի նախագահի նախընտրական շրջանի հայտարարության հետ կապ չունի:

Ա. Մովսիսյանի պատասխանը չբավարարեց պատգամավորին, որը խոսափողը անջատելուց հետո էլ դեռ հայտնում էր իր կարծիքը: «Սիրուն չի, պարոն Մանուկյան, նստեք»,- դիտողություն արեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: