Իտալիայի ոստիկանությունը երկրի հարավում կալանավորել է ավելի քան 100 մարդու՝ Նեապոլի դատախազության կողմից տրված կալանքի սանկցիայի հիման վրա: Բոլոր կալանավորվածներին հանցավոր գործունեությանն առնչություն ունենալու, այդ թվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեծ մասը նեապոլիտանական մաֆիայի՝ «կամորայի» անդամներ են: Կալանավորավծների շարքում է մաֆիայի պարագլուխ Մարկո Դի Լաուրոն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանացի եւ իտալացի ոստիկանները համատեղ գործողության արդյունքում կալանավորել էին նեոպոլիտանական ամենամեծ մաֆիոզ կլաններից մեկի՝ «Պոլվերինո»-ի, 99 անդամներ: Այս կլանը վերահսկում էր հաշիշի մատակարարումը Իսպանիայից Իտալիա, տարեկան վաստակելով մոտ 60 մլն եվրո:

Կլանի 99 անդամներից 30-ին կալանավորել են Իսպանիայում, 69-ին՝ Իտալիայում: Նրանց շարքում երկուսը կլանի ազդեցիկ ներկայացուցիչներից են:

«Պոլվերինոն» Նեապոլում զբաղվել է ռեկետով, մենաշնորհ է ունեցել ազարտային խաղերի ոլորտում: Կլանը բազմաթիվ անշարժ գույք, առեւտրային կենտրոններ եւ խաղային սարքերի սրահներ ունի: