Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձի կողմից դանակի մահացու հարվածներից սպանված «ԲԱՄՕ» ընկերությունների համասեփականատերերից Հովիկ Մուրադյանը եղբայրների հետ Մոսկվայում հիմնականում շինարարական բիզնեսով էր զբաղվում: Ավելին` նա եւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը շինարարական բիզնեսում գործընկերներ էին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Մուրադյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Հարկ է նկատել, որ «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունների անունը ստեղծվել է չորս եղբայրների անվան առաջին տառերի հապավումից` Բորիս, Հակոբ (ռուսերեն՝ Ակոբ), Մուրադ եւ Հովիկ (ռուսերեն՝ Օվիկ):

Հովիկ Մուրադյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հետ խնամիական հարաբերությունների մեջ է: Մուրադյանների ընտանիքը լայն կապեր ունի, սակայն ինչպես բնութագրում են հարազատները, նրանք համեստ կյանքով են ապրում, ինչի արդյունքում, թե ռուսական, թե հայկական կայքերը եւ մամուլը փորփրելու դեպքում էլ նրանց մասին ինֆորմացիա գտնելը շատ դժվար է: Աշխատել են, որքան հնարավոր է անաղմուկ ծավալել իրենց գործունեությունը, ինչը սովորաբար ամենամտածված գործարարների ձեռագիրն է: Նրանք Մարտունիում բիզնեսներ չունեն, իսկ  իրենց պատկանող հին գործարաններն էլ երկար տարիներ է, ինչ չեն աշխատեցնում: Ծովասարում հայրական տուն ունեն եւ գալուց այնտեղ են լինում:

Վերջին անգամ եղբայրները եկել են Հայաստան ամիսներ առաջ իրենց մոր հուղարկավորությանը մասնակցելու համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռեւս հստակ որոշում չկա՝ Մոսկվայում սպանված հայ խոշոր գործարար Հովիկ Մուրադյանին կհուղարկավորեն Հայաստանում, թե՝ ոչ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա քրոջ որդին՝ Արտաշես Մխիթարյանը, ով Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գյուղապետն է: Նա նաեւ նշեց, թե դեռ տեղեկություններ չկան սպանության պատվիրատուների եւ կատարողների վերաբերյալ, քննություն է ընթանում:  Ավելի ուշ պարզ դարձավ, որ Հովիկ Մուրադյանին հուղարկավորելու են Հայաստանում, սակայն  դեռ հստակ օր չկա, թե նրան երբ կտեղափոխեն Հայաստան, քանի որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ պետք է դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: Իսկ ավելի վաղ  NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 11-ի երեկոյան անհայտ անձը դանակի մահացու հարվածներ է հասցրել գործարարին, ով Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է: Սպանությունը տեղի էր ունեցել Lotte Plaza հյուրանոցի մոտ` Մոսկվայի կենտրոնում: Դիմակավորված տղամարդը հարձակվել է մոտ 50 տարեկան անձի վրա եւ դանակի հարվածներ է հասցրել: Դրանից հետո հանցագործը մեքենայով թաքնվել էր դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը հյուրանոցում հանդիպման էր եկել: Երբ Մուրադյանը դուրս էր եկել մեքենայից, նրան խակի գույնի հագուստով տղամարդ էր մոտեցել: Հասնելով գործարարին` հանցագործը դանակի երկու հարված էր հասցրել: Հովիկ Մուրադյանը 90-ականների սկզբին եղբոր հետ հիմնադրել էր «ԲԱՄՕ» շինարարական ընկերությունը: