Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, «Հայբիզնեսբանկի» աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Գործն այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ապա այն տեղափոխվեց Երեւանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականը:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ բանկի նախկին աշխատակցուհին իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ գումարներն իրեն պետք են եղել ՀՀ մարզային ոստիկանապետերից մեկին ունեցած պարտքը շտապ փակելու համար, այլապես իր ընտանիքին վտանգ էր սպառնում: Ոստիկանությունում, սակայն, նրա տված այդ ցուցմունքները չեն արձանագրել: Հայտնի չէ. Թե ԱԱԾ քննչականում այդ ցուցմունքը արձանագրվել է, թե ոչ:
Ուշագրավն այն է, որ նշված բարձրաստիճան ոստիկանը խիստ հազվագյուտ ազգանուն ունեցող այն նույն անձն է, որն առանցքային դեր ուներ հայտնի «ֆինանսական բուրգի» գործում։ Նշված հազվագյուտ ազգանունով մարզային ոստիկանապետը շարունակում է պաշտոնավարել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























