«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը անհրաժեշտ է համարում ստուգել՝ իրո՞ք հնարավոր է օֆշորային գոտիներում ինչ-որ մեկի անվամբ ընկերություններ գրանցել՝ առանց տվյալ անձի գիտության: Նա իր կարծիքը հայտնել է այսօր՝ հունիսի 13-ի մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով օֆշորային գոտում ընկերություն է գրանցված: Նախօրեին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով՝ Սարգսյանը վստահեցրել էր, որ ընկերությունն իր հետ ոչ մի կապ չունի, եւ ընդհանրապես, օֆշորային գոտիներում  կարելի է ցանկացած մեկի անունով ընկերություն գրանցել՝ առանց վերջինիս գիտության:

Մհեր Շահգելդյանը հայտնել է, որ հարցը պետք է հստակեցնեն իրավաբանները՝ ճշտելով, թե արդյոք այդքան հեշտ  է օֆշորային գոտիներում ընկերություններ գրանցելը: Դրանից ելնելով հարկավոր է եզրակացություններ անել, միգուցե՝ փոխել օրենսդրությունը կամ նույնիսկ միջազգային պրակտիկան: Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն ենթադրությունը, որ հարցով կարող է զբաղվել Անվտանգության խորհուրդը:

Ճշտող հարցին, թե ինքը կասկածո՞ւմ է արդյոք վարչապետի խոսքերի ճշմարտացիությանը, հետեւել է կարճ պատասխան՝ «ոչ». «Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ ես իրավաբան չեմ, թող այդ հարցով իրավաբանները զբաղվեն»: