«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կոչ է արել ռուսական գազի գինը չկապել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետ: Նա իր տեսակետը հայտնել է այսօր՝ հունիսի 13-ի մամուլի ասուլիսում:

Ավելի շատ ռուսական, թե իրանական գազ գնելու նպատակահարմարությանը վերաբերող հարցի պատասխանը, ըստ նրա, պետք է տան տնտեսագետները:

Կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչը նաեւ մեկնաբանել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւի վերջերս արած հայտարարությունը, որ Ադրբեջանը կարող է գազ մատակարարել Հայաստանին: Նրա խոսքերն անիրատեսական համարելով՝ Շահգելդյանը միաժամանակ նշել է, որ դա ղարաբաղյան հակամարտության հարցով Ադրբեջանի  բառապաշարի փոփոխություն էր.  «Կարծում եմ, նրանք գիտակցում են, որ պատերազմով խնդիրը չի լուծվի, ռազմատենչ հայտարարությունները սոսկ խորացնում են իրենց բացասական դիրքը միջազգային ասպարեզում»:

Հիշեցնենք, Աբդուլաեւի հայտարարություններից հետո պարզաբանումների մի ամբողջ շքերթ էր սկսվել, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից: Ըստ էության, ադրբեջանական կողմը շանտաժի փորձ էր ձեռնարկել:  «Հայաստանն արդեն գիտակցում է իր անելանելի դրությունը, եւ նման պայմաններում պետք է Ադրբեջանի հետ հարաբերություններում  կառուցողական մոտեցում դրսևորի: Եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք մեր հերոին մեր պայմանները կառաջադրենք», - հայտարարել էր նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը:

Այս հայտարարության մեջ հայ որոշ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ տրամադրության դրական փոփոխություն էին նկատել: