Չնայած նրան, որ ամառը երկրի քաղաքական կյանքի համար ակտիվ շրջան չէ, սակայն կառավարող կուսակցությունը շատ աշխատանք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ոչ ոք լիարժեք հանգստից չի օգտվում, քանի որ շատ հարցեր կան, որոնք կարող են ներառվել խորհրդարանի աշնանային նստաշրջանում, ինչպես նաեւ ամառային արտահերթ նստաշրջաններում: Օրակարգում է աշխատավարձերի բարձրացման, եղանակային անբարենպաստ պայմանները մեծ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը, այնպես որ մեզ բավականին ակտիվ քաղաքական շրջան է սպասվում»,-նշեց Սահակյանը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրա կանխատեսումներով, հանրահավաքների պետք չէ սպասել:
Պատասխանելով հարցին, եթե ինքը ընդդիմադիր լիներ` արդյոք ամառային շրջանը կօգտագործեր քաղաքական ռազմավարությունը վերանայելու համար, Գալուստ Սահակյանն ասաց. «Ժամանակին ես ընդդիմադիր եղել եմ, եւ կարոծում եմ, որ ընդիմադիր քաղաքական ուժերն այս շրջանում կրկնակի պետք է աշխատեն, քանի որ չի կարելի մշտապես թշնամանքի սերմեր ցանել քաղաքական դաշտում, որը միասնական է բոլորի համար: Մենք առաջարկում ենք փոխհարաբերություններ հաստատել, սակայն այդ առաջարկությունը ընդդիմադիրների կողմից դիտարկվում է որպես իշխանությանը ծախվելու առաջարկ: Կարծում եմ, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ փոխադարձ բաց հարաբերություններ պետք է լինին, քանի որ պետության զարգացման եւ կայացման համար ընդդիմությունը նույնքան կարեւոր գործիք է, որքան եւ իշխանությունը»:




























