Աֆղանստանի Հիլմենդ նահանգում վրացական ռազմակայանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով սպանված վրացի յոթ զինծառայողների հուղարկավորությունը տեղի է ունեցել հունիսի 13-ին։
Թեյմուրազ Օրթավիձեն, Գեորգի Ադամովը, Զուրա Գուրգենաշվիլին, Զվիադ Սուլխանիշվիլին, Գեորգի Գուչաշվիլին, Միխայիլ Նարինդոշվիլին եւ Բորիս Ցուգոշվիլին հուղարկավորվել են զինվորական պատիվներով։ Տարբեր մարզերում հուղարկավորություններին ներկա են եղել ՆԱՏՕ-ի, Վրաստանի գործադիր իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության պատգամավորներ։
«Սա մեծ ողբերգություն է այդ ընտանիքների եւ ամբողջ Վրաստանի համար։ Կարեւոր է գիտակցել, որ նրանք զոհվել են հանուն ՆԱՏՕ-ի եւ միջազգային անվտանգության», - հայտնել է Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Լահյուն։
«Սա շատ ծանր օր է բոլորի համար... Այդ տղաներն իսկապես հերոսներ էին, եւ հավատացեք, իրենց կյանքի գնով նրանք փրկել են շատ մարդկանց», - լրագրողներին հայտնել է Վրաստանի զինված ուժերի Միասնական շտաբի պետի տեղակալ Վախթանգ Կապանաձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»։
Զինվորականների հոգեհանգստի արարողությունը տեղի էր ունեցել հունիսի 9-ին՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում։
Հունիսի 6-ին վրացական ռազմակայանի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել էին յոթ եւ վիրավորվել ինը վրացի զինվորական, որոնք ծառայում էին Աֆղանստանում՝ ISAF-ի կազմում։



























