Հայաստանի Հանրապետությունը աշխարհի այն 5 պետությունների թվում է, որոնք ամբողջությամբ պետական բյուջեի ծախսերը դարձրել են թափանցիկ: Այդ մասին այսօր` հունիսի 14-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի ընթացքում: Վարչապետը նկատի ուներ, որ կառավարության պաշտոնական կայքում (e-gov.am) կարելի է առցանց հետեւել, թե տվյալ օրվա դրությամբ պետական բյուջեից ինչպիսի ծախսեր են իրականացվել:
Սակայն Տ. Սարգսյանը անբավարար գնահատեց հանրության կողմից պետական միջոցների նկատմամբ վերահսկողության աստիճանը: Նրա խոսքով` վերջին 2 տարվա ընթացքում միայն 1 դեպք է եղել, երբ հետաքրքրվել են պետական գնումներով, այն էլ ոչ թե բովանդակային առումով, այլ թե որ գերատեսչությունը որ միջոցառման համար որքան ծախս է կատարել: «Ամեն օր ԶԼՄ-երից ստանում ենք տեղեկատվություն, որ բյուջեն մսխվում է, սակայն ապացուցողական մասը բացակայում է»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա կարծիքով` դրա պատճառը պրոֆեսիոնալիզմի պակասն է, շատ հաճախ մարդիկ ձգտում չեն ցուցաբերում գիտելիքներ ձեռք բերելու համար, որպեսզի ավելի հիմնավոր քննադատություններ ներկայացնեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























