Թեեւ Հայաստանի խորհրդարանի երրորդ նստաշրջանը համընկավ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունների հետ, ինչը որոշ առումով խանգարեց ԱԺ աշխատանքներին, ու թեեւ ընդդիմությունը խորհրդարանում փոքրաթիվ է, նրան հաջողվել է ակտիվորեն եւ որակով աշխատել: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը պետք է միասնական օրակարգ ձեւավորեն եւ հանդես գան մի շարք օրենսդրական նախաձեռնություններով:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն, անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, նշեց, որ իրենց խմբակցությունն իր գնահատականը կտա, երբ պարզ դառնա, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հաշվետվությունը:
«Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ինչ-որ բան այն չէ: Եթե ԱԺ-ն թատրոն չէ, իսկ այդ փաստաթուղթը բեմադրություն չէ, ապա բոլոր խմբակցությունների ղեկավարները պետք է հայտարարի հանցագործության մասին եւ դիմի դատախազություն ու ոստիկանություն՝ պետական շահերի պաշտպանության հարցերով»,-ընդգծեց Փոստանջյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am