Թբիլիսիի քաղաքային դատարանը դատավճիռ է կայացրել Գլդանի բանտում խոշտանգումների գործի վերաբերյալ: Բոլոր 16 մեղադրյալները մեղավոր են ճանաչվել:
Մեղադրյալները դատապարտվել են վեց ամսից մինչեւ վեց տարի եւ ինն ամսվս ազատզրկման: Նրանց մեծամասնությունը դատապարտվել են նաեւ գումարային տուգանքի, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Հիշեցնենք, որ խոշտանգումների գործով մեկ մասնակից ազատվել էր քրեական պատասխանատվությունից` Վրաստանի գլխավոր դատախազի միջնորդությամբ: Խոսքը խոշտանգումների վերաբերյալ տեսագրությունների հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեի մասին է: Նրան ազատել էին պատասխանատվությունից՝ «քննության հետ համագործակցելու համար»:
Վրացական բանտում խոշտանգումների մասին տեսագրության հեղինակին ազատել են պատասխանատվությունից
Գլդանի բանտի իրադարձութունների շուրջ աղմուկը բարձրացել էր 2012թ. սեպտեմբերին, երբ համացանցում էին հայտնվել բանտարկյալների կտտանքների տեսագրությունները: Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել. Պահանջում էին պատժել մեղավորներին: Սկանդալի պատճառով հրաժարական տվեցին պատիժների իրագործման նախարար Խաթունա Կալմախելիձեն եւ ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան:




























