Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի արդեն նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտնել, պետք է դիմել Հատուկ քննչական ծառայություն: Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ Դավիթ Մուրադյանը դեպքը բացահայտվելուն պես իրենց մոտ չի աշխատում, ազատվել է աշխատանքից:

Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցների նկատողություն հայտարարելուն, ապա մամուլի քարտուղարն ասաց, որ իրականացվել է ծառայողական քննություն, մինչեւ այն չավարտվի, չեն կարող ասել, թե քանի աշխատակցի է նկատողություն հայտարարվել, քանիսն են ազատվել աշխատանքից:  Մամուլի քարտուղարը խոստացավ լրացուցիչ մանրամասներ հաղորդել երկուշաբթի օրը:

Նշենք, որ Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Ըստ մեր տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եվ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից՝ մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար գումարը: Մեր աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ»,- գրել է «Առավոտը»: