Երեւան քաղաքի ավագանու այսօր` հունիսի 15-ին, կայացած արտահերթ նիստի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր: Արտահերթ նիստում ընդունվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի եւ այլ աշխատատեղերի մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում: «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները իրենց դժգոհությունը հայտնեցին` նշելով, որ աշխատակազմը եւ աշխատավարձերը ուռճացված են, հաստիքացուցակները վերանայման կարիք ունեն: Հարցին կողմ քվեարկեց ՀՀԿ-ն` 42 ձայն, 6 դեմ` «Բարեւ Երեւանը», 16 ձեռնպահ՝ այլընտրանքային ԲՀԿ:

Ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն նաեւ քաղաքապետի տեղակալները:  Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանը կնշանակվի քաղաքապետի տեղակալ: Դեռ հայտնի չէ, թե նրան ով կփոխարինի, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան կփոխարինի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` 25-ամյա Արտակ Ալեքսանյանը:

Քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Կամո Արեյանը, որը նախկինում տեղակալներից մեկն էր, տեղակալի պաշտոնում ընտրվել է նաեւ Վահե Նիկոյանը: Չորրորդ տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Տարոն Մարգարյանի խորհրդականը Արամ Սուքիասյանը: