Հանուն ժողովրդի շահերի մղվող պայքարը միայն իմ անձնական պայքարը չէ, այն համընդհանուր պայքար է, որին յուրաքանչյուր ոք պետք է մասնակցի։ Այս մասին այսօր՝ հունիսի 15 –ին, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր գլխավորած կուսակցության ժողովը սկսելուց առաջ, որը կայացել է Հայաստանի գրողների տան դահլիճում, քանի որ կառավարության շենքի դահլիճում ցուցահանդես էր անցկացվում։
Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ ժամանակին իշխանություններին բարեփոխումների ուղի է առաջարկել, սակայն առաջարկն անպատասխան էր մնացել։ «Չնայած դրան, իշխանությունները հայտարարում են բարեփոխումների անցկացման մասին, մինչդեռ իրականությունը հակառակն է ապացուցում. Երկրից բնակչության արտագաղթը շարունակվում է։ Իշխանությունները պետք է արտագաղթը կանխելու միջոցներ ձեռնարկեն։ Ես էլ իմ հերթին առաջարկ արեցի իշխանություններին, որից նրանք հրաժարվեցին»։
Ի պատասխան հարցին, թե արդյոք ժողովրդի մեջ հիասթափություն չի նկատում Նոր Հայաստանի ստեղծման հետ կապված, Հովհաննիսյանը նշեց, որ համամիտ չէ այդ տեսակետին եւ ժողովուրդը հիասթափված չէ։
Հարցին, թե պատրաստ է արդյոք իր հասցեին քննադատություն լսելու, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք հիմա Հայաստանի քաղաքացու հետ եք զրուցում, որը բոլորից ավելի շատ է պատրաստ իր հասցեին քննադատություն լսելու։ 5-6 ամիս առաջ ես արեցի իմ գործը, եւ եթե այսօր իմ հասցեին քննադատություն հնչի, ես պատրաստ եմ դա լսելու»։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության օրակարգում կներկայացվի կուսակցության վերջին կես տարվա գործունեությունը. կներկայացվի կուսակցության վարչության, խորհրդարանական խմբակցության հաշվետվությունը:




























