Կառավարությունը մանրամասն քննարկել է ՀՀ վերահսկիչ պալատի 2012 թ. հաշվետվության բոլոր դրվագները, ու ըստ այդ հաշվետվության՝ բյուջեի միջոցների զանգվածային փոշիացման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նրա խոսքով՝ այն խատումները, որ հայտնաբերել է Վերահսկիչ պալատը, հիմնականում առաջացնում են տնտեսական կամ քաղաքացիաիրավական հետեւանքներ (տուգանքներ ու գումարների ետվերադարձ), ու շատ հազվադեպ՝ քրեական:

Ա. Գեւորգյանը նաեւ դժգոհություն հայտնեց, որ ԱԺ-ում քննարկման ձեւաչափը հնարավորություն չի տալիս կառավարությանը՝ ամբողջությամբ ներկայացնել իր տեսակետը, քանի որ կառավարության ոլորտային պատասխանատուները հնարավորություն չեն ստանում ԱԺ լիագումար նիստում ներկայացնել իրենց դիրքորոշումները եւ պարզաբանումները: Ավելին՝ այդ պարզաբանումները չեն ներառվում ՎՊ հաշվետվություններում (դրանք տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում):

Ա. Գեւորգյանը մի քանի օրինակներ նշեց ՎՊ հաշվետվությունից: Մասնավորապես՝ շինարարությունում որակի հետ կապված խնդիրները, ըստ Ա. Գեւորգյանի, պետք է լուծվեն պայմանագրերի շրջանակներում: Օրինակ՝ ձմռանը ջրանցքներում անորակ աշխատանքներ են կատարվել (անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով), սակայն դրանց ընդհանուր ծավալը 47 մլն դրամ է, կամ ստուգված ծավալի 4.5%-ը; Ընդ որում՝ շինարարը պարտավոր է վերացնել բացթողումները:

Ա. Գեւորգյանը նշեց, որ շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների մեծ մասին գործադիր իշխանությունը համաձայնել է, ավելի՝ գործադիրի վերահսկողական օղակները նույնպես արձանագրում են նման խախտումները: