Հայաստանում ավելի քան 100 հազար ընտանիքներ աղքատության նպստ են ստանում: Այս առումով առանձնանում է Լոռու մարզը` ավելի քան 19 հազար ընտանիք: Մոտ 16 հազար ընտանիք աղքատության նպաստ է ստանում մայրաքաղաքում եւ 15 հազար ընտանիք Շիրակի մարզում:
Սակայն սրանք բացարձակ մեծություններ են, որոնք չեն արտացոլում բնակչության ընդհանուր թվաքանակում աղքատ բնակչության բաժինը: Օրինակ, Երեւանում ներկայումս բնակվում է երկրի բնակիչների 35 տոկոսը: Հասկանալի է, որ բոլոր կողմնակի հավասար պայմաններից, աղքատներն այստեղ շատ են...
Հարաբերական ցուցանիշների առումով պատկերը մի փոքր այլ է: Երեւանում, երկրի մակարդակում, ամենացածր մակարդակն է` միջինում յուրաքանչյուր 10 հազար ընտանիքին բաժին է ընկնում աղքատության նպաստ ստացող 643 ընտանիք: Հայաստանի համար միջին ցուցանիշը կազմում է գրեթե 1400 ընտանիք, այնպես որ մայրաքաղաքում աղքատության հետ կապված պատկերը, կարծես, ավելի լավ է, քան մարզերում:
Հարաբերական ցուցանիշներով կրկին առաջատարը Լոռին է (բնակչության 10 հազար ընտանիքին բաժին է ընկնում 3406 ընտանիք): Լոռու մարզին հետեւում են Շիրակը (2523 ընտանիք) եւ Գեղարքունիքը (2302 ընտանիք):Նշենք, որ առաջին երկու մարզերը առանձնանում են մյուսներից` երկրում բնակչության համեմատաբար բարձր ուրբանիզացման մակարդակով:
Նախքան 1988թ ավերիչ երկրաշարժը, Լոռին ու Շիրակը առանձնանում էին նաեւ ինդուստրիալ առումով: Մասնավորապես, այնտեղ էին գտնվում խոշոր ձեռնարկություններ, այդ թվում` թեթեւարդյունաբերական, որոնք ներկայումս չեն գործում: Համենայն դեպս, այն ծավալով, որով գործում էին նախկինում:
Շատերի մոտ, ըստ երեւույթին, հարց կառաջան, թե ինչո՞ւ աղքատության նպաստներ ստացողների թվաքանակը ադեկվատ չէ երկրում աղքատության մասշտաբին, որը կազմում է հանրապետության բնակչության 1/3-ը:
Խնդիրն այն է, որ նպաստ ստանալու համար, բացի ընտանիքի անդամների եկամուտների մասին տեղեկություններից, պահանջվում է գոնե մեկ լրացուցիչ պայման, որոնց թիվը հասնում է տասնյակների: Օրինակ, միայնակ թոշակառուի կարգավիճակը, կամ ընտանիքում կազմում հաշմանդամների կամ անչափահաս երեխաների առկայությունը եւ այլն: Ընդ որում, կան ընտանիքներ, որոնց մոտ նման ցուցանիշները մի քանիսն են:
Այս ոլորտում լինում են նաեւ չափազանցություններ: Մի ընտանիքի, որտեղ ծնողները գործազուրկ են եւ կան երկու նախադպրոցական տարիքի երեխա, մերժել էին տրամադրել աղքատության նպաստ մի շատ հետաքրքիր պատճառով. նրանց բնակարանում եղել է JVC մակնիշի հեռուստացույց, որը նրանց էր նվիրել բարեկամներից մեկը: Հենց դա էլ մերժման պատճառ է հանդիսացել: Այսինքն, եթե ի վիճակի ես ձեռք բերել թանկարժեք սարքը, աղքատության նպաստի համար գրանցվելու կարիք չկա:
Եվս մեկ` լրիվ հակառակ, դեպքի մասին է պատմել մի բարձրաստիճան պաշտոնյա: Նրա հայրը պաշտոնապես հաշվառված է եղել որպես միայնակ թոշակառու, ինչի համար էլ աղքատության նպաստ է ստացել: Ինքը պետաշխատողը կարիքավոր չէ եւ «միայնակ» ծնողն ապրում է նրա ընտանիքի հետ, այպես որ իր` պաշտոնյանի համար, այսպես ասած, անհարմար է այդ նպաստը ստանալ...
Պայմաններից մեկը շփոթմունք է առաջացնում` «աղքատ» ընտանիքում անվճար հիմունքներով սովորող ուսանողի առկայությունը: Իսկ եթե ուսանողն անապահով ընտանիքից է, սովորում է վճարովի հիմունքներով եւ ընտանեկան բյուջեի «ահռելի» մասը ծախսվում է այդ նպատակով, այդ դեպքում ի՞նչ անել: Բոլորին չէ, որ հաջողվում է անվճար սովորելու համար անհրաժեշտ միավորները հավաքել: Նկատենք, որ բարձրագույն կրթության համար արգելքները համեստ բյուջեով ընտանիքներում հանգեցնում են ժառանգական աղքատության, որը փոխանցվում է սերնդեսերունդ...
Նախորդ տարի պետական գանձարանից 33 մլրդ դրամից ավելի աղքատության նպաստ է վճարվել, ներառյալ՝ միանվագ դրամական օգնությունը: Պետբյուջեի ընթացիկ ծախսերի առումով դա կազմել է ավելի քան 3,8%: Սա շա՞տ է, թե՞ քիչ:
ԱՄՆ-ում, օրինակ, աղքատներին տրվող սուբսիդիան, հեռավոր 1996թ, տվյալով, կազմել է 420 մլրդ դոլար կամ պետբյուջեի ծախսերի 16%-ը: Հաշվի առնենք, որ այնտեղի նպաստների չափն անհամեմատելի է մեր ցուցանիշին (մեզ մոտ ամսական 62 դոլարից էլ պակաս համարժեք դրամ է), եւ «աղքատ» ընտանիքներին ապահովում է կյանքի սոցիալական ստանդարտը: Իսկ թե ինչ կենսամակարդակ է ապահովում մեր անապահովներին պետական նպաստը, հայտնի է բոլորին...
Հիշեցնենք, պետական սուբսիդիաներից բացի, «աղքատ» ընտանիքները ԱՄՆ-ում բազմաթիվ բարեգործական ընկերություններից նշանակալի օգնություն են ստանում:



























