Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը մարտի 3-ին զինվորական ինքնաթիռով կնոջ հետ ժամանել է ծովափնյա Բոդրում քաղաք, այնուհետ ուղղաթիռով մեկնել մոտակա Բարդաքչը գյուղի մոտ գտնվող ցամաքային զորքերի ուսումնավարժական կենտրոն:

Թուրքական Sicakgundem կայքէջի փոխանցմամբ` Բաշբուղը ուսումնավարժական կենտրոնի հատուկ ժողովների համար նախատեսված սրահում 12 բարձրաստիճան հրամանատարների հետ մեկ ժամ քննարկում է անցկացրել:

Այնուհետ Գլխավոր շտաբի պետը ուսումնավարժական կենտրոնի հարակից անտառում զբոսանքի է դուրս եկել, որտեղ եղել է քաղաքացիական հագուստով:

Նշենք, որ սա երկրորդ հանդիպումն է Բաշբուղի եւ բարձրաստիճան հրամանատարության միջեւ` «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում 7 տասնյակ բարձրաստիճան սպաների ձերբակալությունից հետո: