Պետք է ուրախ լինել, որ իշխանությունը փորձում է բացահայտել կնճռոտ խնդիրները։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբայցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Նա շեշտեց, որ շատ կարեւոր է, որ առաջին անգամ իր պատմության մեջ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղեկցվեց Կառավարության ներկայացուցիչների ելույթներով, տրվեցին պարզաբանումներ։

«Կառավարությունը եւ Վերահսկիչ պալատը շատ հարցերում նույն խնդրին տարբեր մոտեցումներ ցույց տվեցին, կարծում եմ՝ սեպեեմբերին կունենանք օրենսդրական փոփոխություններ եւ հնարավորություն կունենան նման ֆորմատով քննարկումներ անել հանձնաժողովներում։ քանի որ եղել են որոշակի խնդիրներ տարբեր կառույցներում, հրապարակվել է, կառավարությունը իր պատասխանը տվել է, եթե Վերահսկիչ պալատը տեսնում է չարաշահումներ, պետք է գործերը հանձնի դատախազություն, մեղավորները պատժվեն»,- ասաց պատգամավորը։

Ասուլիսի բանախոսը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ նշեց, որ արդեն որերորդ անգամ Վերահսկիչ պալատաը ներկայացնում է աղաղակող փաստեր, հետո ջրվում, գնում է. «Եթե նախարարությունում բացահայտվել են այդպիսի չարաշահումներ, նախարարն է մեղավոր, բայց նշեք գոնե մեկ օրինակ, թե  ով է մինչ այսօր պատասխան տվել»,- դիմելով ՀՀԿ-ական պատգամավորին ասաց Արամ Սարգսյանը։

ԻսկՍուքիաս Ավետիսյանը հակադարձեց՝ ասելով. « Անպայման պետք է մինիստր ձերբակալվի, որ ասենք բացահայտում»։

«Ցույց տվեք մի դեպք, որ իշխանությունը որոշակի  քայլեր է արել, որ մենաշնորհից զրկվի։ Էսօր մի մարդ ինչ ասես բերում է, ինքը էս էրկրի ամենագիտուն եւ կարող մա՞րդն է, ուրիշ մարդիկ չկան, որ դրանով զբաղվեն, եւ ցորեն, եւ դեղ, եւ շաքար է բերում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am