ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի ընդունման կապակցությամբ խիստ արձագանքով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
«Այս որոշումը խելամիտ չեմ համարում եւ ափսոսանքով եմ ընդունում։ Որոշման մեջ որեւէ հարգանք չկար թուրք ժողովրդի նկատմամբ։
Պատմական իրողություններից հեռու այս միակողմանի որոշումը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունվելով՝ դարձավ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում անհամատեղելի մի քայլ։ Այս որոշումը վնասելու է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ ժողովուրդների միջեւ մնայուն բարեկամական հարաբերություններ կառուցելու ջանքերին։ Պատմության դեմ որպես անարդարություն եմ ընդունում քաղաքական շահերից ելնելով ընդունված այս որոշումը։ Այս քվեարկությունից հետո ցանկացած ոլորտում տեղի ունենալիք բացասական արդյունքների համար Թուրքիան պատասխանատու չի լինելու»,-նշված է Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ։



























