ԱՄՆ քաղաքացի Մայքլ Բոթրայթը գիտակցությունը կորցնելուց, ապա ուշքի գալուց հետո խոսել է շվեդերեն: Բոթրայթը պնդում է, որ իր անունը Յոնաս Էկ է եւ լրագրողների ու բժիշկների հետ շփվում է թարգմանչի օգնությամբ:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 61-ամյա Բոթրայթին անգիտակից վիճակում հայտնաբերել են փետրվարի 28-ին, Փալմ-Սփրիգս մոթելի սենյակներից մեկում: Նրա մոտ եղել է անձը հաստատող փաստաթուղթ՝ Մայքլ Բոթրայթի անունով: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց եւ երբ նա ուշքի է եկել, սկսել է խոսել շվեդերեն եւ հայելու առջեւ չի ճանաչել իրեն: Նրա մոտ ախտորոշել են տրանզիտորյան ամնեզիա: Բոթրայթը կորցրել է բազմաթիվ սոցիալական եւ մասնագիտական ունակություններ: Նա այդպես էլ անգլերեն չի խոսել եւ չի հիշել իր ընկերներից ու հարազատներից որեւէ մեկին, այդ թվում նախկին կանանց, հաղորդում է Lenta.ru-ն:

Բոթրայթի մասին հայտնի է, որ նա 1981-2003 թվականներին ժամանակ առ ժամանակ այցելել է Շվեդիա: Նրա շվեդ ծանոթները նրան նկարագրում են որպես ամերիկացու, որը հետաքրքրվում է միջին դարերի պատմությամբ եւ ասպետական մենամարտերով:

ԱՄՆ-ում Բոթրայթն աշխատել է որպես 3D դիզեյներ, նա վերջին 10 տարիներին անգլերեն է դասավանդել Ճապոնիայում եւ 4 տարի՝ Չինաստանում: