Վրաստանի հետ սահմանին գտնվող Գոգավանի մաքսակետում, քաղաքացիների պնդմամբ, չկա հասարակական զուգարան, որը լուրջ դժվարություններ է առաջացնում թե մաքսակետում աշխատողների, եւ թե սահմանն անցնող քաղաքացիների համար: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին ահազանգել է քաղաքացիներից մեկը, ում ցանկությամբ անունը չենք հրապարակում:

«Մեծ մաքսակետ է, օրական հարյուրավոր քաղաքացիներ են գնում գալիս, բայց զուգարան չունեն: Մարդկանց մեջ երեխաներ կան, մեծահասակներ, հղի կանայք, իսկ զուգարանի բացակայությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում մարդկանց»,-հայտնել է քաղաքացին:

Անցակետով Հայաստան եկող քաղաքացիներից մեկն էլ, տտեսնելով զուգարանի բացակայությունը, նշել է. «Դե եթե մաքսատան վիճակն էսպիսին ա, բա երկրի վիճակն ինչ կլինի»:

Խնդրի հետ կապված փորձեցինք լսել մաքսատան պետի` Սարգիս Սուքիասյանի կարծիքը, ով լսելով թեման, ասաց. «Նախ դա գրելու թեմա չի, հետո էլ որ զանգել եք, ասեմ, մեկի  տեղը երեք զուգարան ունենք»: