Բրիտանուհի Ռոչել Հարրիսը Պերուից վերադառնալուց հետո գլխացավեր է ունեցել եւ տարօրինակ ձայներ լսել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նա դարձել է Պերուի համար բնորոշ ճանճի թրթուրների զոհ: Վերջիններս կրծել են նրա լսողական ուղին:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Պերում եղած ժամանակ 27-ամյա կինը մի անգամ ականջում ինչ-որ ճանճ է հայտնաբերել, որին այնտեղից դուրս է բերել եւ մոռացել նրա մասին: Արդեն տանը նա ականջներից մեկում տարօրինակ ձայներ է լսել եւ ականջին հարող կիսադեմի հատվածում տանջալից ցավեր զգացել:
Աղջիկը բուժօգնության է դիմել եւ պարզվել է, որ նրա լսողական ուղիում անցք կա, որը բացել են Cochliomyia hominivorax տրոպիկական ճանճի թրթուրները, որոնք մսով են սնվում, հաղորդում է MED Նովոստին:
Թրթուրների ընդհանուր թիվն 8-ն է: Հաջողվել է դուրս բերել միայն երկուսին, մյուսները շարունակում են ներսում մնալ:
Սկանավորումը ցույց է տվել, որ թրթուրները չեն հասցրել վնասել թմբկաթաղանթը, արյունատար անոթները կամ դիմային նյարդը: Միեւնույն ժամանակ եթե նրանք հասնեն գլխուղեղին, մեծ է մենինգիտի զարգացման վտանգը: Հնարավոր է նաեւ դիմային նյարդի կաթված:





























