Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ոչ տեղին է համարում ի պաշտպանություն Մոսկվայում բեռնատարով վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանի կազմակերպված բողոքի ակցիաները:
«Ափսոսում ենք, որ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոլոդսկ քաղաքի մոտ տեղի ունեցած պատահարը, որը 18 մարդու կյանք խլեց, առանձին անձանց կողմից օգտագործվում է որպես առիթ՝ հակառուսաստանյան կրքեր բորբոքելու նպատակով։
Գործողությունները, որոնք նպատակ ունեն մարդկային մեծ ողբերգությունը ծառայեցնել նախ քաղաքական նպատակներին եւ վտանգել ռուս-հայկական հարաբերությունների, համարում ենք միանգամայն ոչ տեղին։ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի. այն բազմակողմանի, հանգամանորեն, անկողմնակալ եւ առանց զգացմունքայնության հետաքննվելու է»։
Դեսպանատունը, բնականաբար, որեւէ կերպ չի անդրադարձել ռուսաստանյան իրավապահների կողմից Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին:
Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինսկի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























