Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանից մոտ 5 հազար հայ է ապրում: Այս մասին վկայում է զբոսաշրջային «Մարաթուկ» ընկերությունը, որն ուղեւորություն է առաջարկում «Air Arabia» ավիաընկերության կողմից իրականացվող Երեւան-Դուբայ չվերթով:
Հայաստանցի միգրանտները Էմիրություններում հիմնականում աշխատում են եւ տուն են վերադառնում ձմռան ամիսներին, այսինքն նրանց տեղաշարժի պատկերն այնպիսին է, ինչպես Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտներինը:
Բացի հայաստանցի հայերից, արաբական հարուստ երկրներում` Կատարում, Քուվեյթում նաեւ Սիրիայից ու Լիաբանանից են հայեր մեկնում աշխատելու:
Նշենք, որ 2011 թ. աշնանը տեղեկացվեց ԱՄԷ-ի հետ Հայաստանի բանակցությունների մասին` աշխատանքային միգրանտների հետ կապված: Համաձայնագրի նախագիծը ենթադրում էր աշխատանքային միգրանտների համար համապատասխան պայմաններ եւ իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ արգելվում էր նրանց ապօրինի կացությունը Էմիրությունում` պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:





























