Հայաստանում չպետք է լինեն պետծառայողներ, որոնք Թումանյանին Թամանյանից չեն տարբերում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, հայտարարել է Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Ըստ նրա՝ քաղաքացիական ծառայությունում բարեփոխումներն ուղղված են պաշտոնյաների կրթական մակարդակի բարձրացմանը:

«Նոր մոդելի համաձայն՝ քաղծառայության կրտսեր հաստիքների ատեստավորման ձեւը փոխվել է: Նախկինում քննական թեստերը ներառում էին Սահմանադրությունն ու օրենսդրությունը: Բայց օրենքի չոր տառից բացի, հարկավոր է շատ այլ բաներ իմանալ», - հստակեցրել է Բադալյանը: Այդ պատճառով թեստերը կներառեն ընդհանուր մտավոր զարգացման հարցեր Հայաստանի պատմությունից, դրա ներքին եւ արտաքին խնդիրներից, նաեւ՝ երկրի հայտնի գործիչների մասին:

«Եղել են մարդիկ, որոնք Հայաստանի մարզերի թիվը չգիտեին: Չգիտեին՝ Թումանյանից եւ Թամանյանից ով է բանաստեղծը: Նման բան չպետք է լինի», - ընդգծել է Բադալյանը: Նա նաեւ հավելել է, որ քաղծառայողների միջին աշխատավարձը 2014թ. հունվարից   պետք է բարձրացվի մինչեւ 120 հազար դրամի  (մոտ 290 դոլար):