Հայաստանը Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) լավագույն գործընկերներից է: Այդ մասին այսօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Երեւանում գտնվող ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին:

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ-ը 20 տարում Հայաստանում ներդրել է մոտ 1 մլրդ դոլար՝ 120 նախագծերում: Մինչեւ տարեւերջ ՎԶԵԲ-ը կներդնի եւս 120 մլն դոլար: Արդեն իսկ կնքվել է պայմանագիր Երեւանի ջրամատակարարման համակարգին 7 մլն դոլար հատկացնելու մասին (եւս 7.1 մլն դոլար Հայաստանը այդ նպատակով դրամաշնորհ կստանա Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում): Վարկ կստանա նաեւ ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերությունը:

ՎԶԵԲ-ի ներդրումների կեսն ուղղվել է ֆինանսական հատվածին, որոնք իրենց հերթին պետք է վերավարկավորեն փոքր եւ միջին ձեռնարկություններին: «Շատ դրական եմ գնահատում Հայաստանի հեռանկարները՝ ի հեճուկս գլոբալ ճգնաժամի»,- ասաց Ս. Չակրաբարտին: