Եգիպտոսի Էլ Մանուր քաղաքում իսլամիստների եւ նրանց հակառակորդների բախումների հետեւանքով չորս մարդ զոհվել է, տասնյակները՝ տուժել։ Բոլոր զոհվածները կին են, նրանք Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներից էին։

Երկու կողմերի մասնակիցները սառը զենք եւ հրազեն են կիրառել։

Զինվորներն ու ոստիկանությունը փորձել են միջամտել՝ հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Մուրսիի կողմնակիցները փորձել էին գրոհել հանրապետական գվարդիայի դիրքերը, սակայն գրոհը հետ էր մղվել արցունքաբեր գազով։

Բախումներ են ընթանում նաեւ Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում։ Կահիրեում Մուրսիի կողմնակիցները զանգվածային երթ են նախատեսում դեպի Կահիրեի միջազգային օդանավակայան, որտեղ այս պահին անվտանգության խստացված միջոցառումներ են անցկացվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հերթական միլիոնանոց երթերը Եգիպտոսում սկսվել են ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ցույցեր եւ անցկացնում ինչպես պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները։

Կահիրեում ուրբաթօրյա աղոթքից հետո անկարգություններ են սկսվել